Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) 2026 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում թվային գործիքների և անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հայտնաբերել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 114 դեպք։ Դրանցից 24-ը բացահայտվել է ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններում կատարված ստուգումների ժամանակ, իսկ 90-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակում։
Ոչ մետաղական օգտակար հանածոների ապօրինի արդյունահանված և թաքցված ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 11,7 մլն խմ։ Միայն 90 դեպքի համար հաշվարկված՝ շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 254 458 029,2 դրամ։ Բոլոր դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումները ներկայացվել են իրավապահ մարմիններին։
Վերջին օրինակներից է նոյեմբերի 2-ին հրապարակված հինգ դեպքը Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում։ Վարսեր գյուղում առանց իրավունքի տեղահանվել է 131 203 խմ հրաբխային ավազ (վնասը՝ 115,6 մլն դրամ), Նորատուսում՝ 20 972 խմ բազալտ (18,9 մլն), Դրախտիկում՝ 5 581 խմ բազալտանման խիճ (5,4 մլն), Գորիսում՝ 2 908 խմ կրաքարանման զանգված (2,2 մլն), իսկ Մասիսում՝ 3 351 խմ ավազակոպճային խառնուրդ (3,9 մլն)։ Գորիսում տեղահանման հետևանքով նաև դեգրադացվել է 996 քմ և աղբոտվել 246 քմ տարածք։ Այս հինգ դեպքի ընդհանուր վնասը կազմել է 146 051 766 դրամ։
Աղբյուրը՝
https://www.facebook.com/share/p/1Hfw6VaWGC/