Կանաչապատո՞ւմ, թե՞ էկո-վանդալիզմ. ինչու են քաղաքային իշխանությունների «բարեփոխումները» շնչասպառ են անում Երևանի թոքերը

Կանաչապատո՞ւմ, թե՞ էկո-վանդալիզմ. ինչու են քաղաքային իշխանությունների «բարեփոխումները» շնչասպառ են անում Երևանի թոքերը

Կանաչապատո՞ւմ, թե՞ էկո-վանդալիզմ. ինչու են քաղաքային իշխանությունների «բարեփոխումները» խեղդում Երևանի թոքերը

Բետոնե ջունգլիներ, ասֆալտապատ փողոցներ ու անվերջանալի եռուզեռ. սա է ժամանակակից քաղաքաբնակի առօրյան: Սակայն այս գորշ միապաղաղության մեջ կանաչ զանգվածները վաղուց դադարել են լինել պարզապես զարդարանք: Դրանք քաղաքի «թոքերն» են, որոնք այսօր Հայաստանում գտնվում են լուրջ փորձության առջև։

Հայաստանի համար այս խնդիրն այսօր առավել քան օրհասական է: Ըստ  վերջին վիճակագրական տվյալների՝ Երևանում մեկ շնչին ընկնող հանրային կանաչ տարածքը կազմում է մոտ 8,3 քառակուսի մետր, ինչը դեռևս զիջում է ԱՀԿ-ի նվազագույն շեմին: Սակայն այս թվերի հետևում թաքնված է մի ավելի տագնապալի իրականություն. Երևանն այսօր խեղդվում է փոշու և աղտոտվածության մեջ։ Օդում կախված պինդ մասնիկների  մակարդակը պարբերաբար գերազանցում է թույլատրելի նորմաները՝ դառնալով լուրջ հիվանդությունների աճի հիմնական պատճառ,ինչի պատճառներից մեկը հենց առանց այդ էլ կանաչ զանգվածների սակավությունն է և  ծառահատումները:

Այս ճգնաժամային իրավիճակում քաղաքային իշխանությունների որդեգրած քաղաքականությունը տեղիք է տալիս լուրջ մտահոգությունների։ Իրականացվող ինտենսիվ ծառահատումները, որոնք հիմնավորվում են  որպես «ծերացած», չեն փոխարինվում կամ  փոխարինվում են  «ոչ արժեքավոր» տեսակներով։ Բնապահպաններն ու բուսաբանները ահազանգում են՝ կտրված հասուն ծառերի փոխարեն հաճախ ընտրվում են սխալ ծառատեսակներ, որոնք չունեն տվյալ բնակլիմայական պայմաններին բնորոշ դիմացկունություն և, որ ամենակարևորն է, օժտված չեն փոշին ու տոքսիկ նյութերը կլանելու բավարար հատկությամբ։ Բացի այդ հասուն ծառերը տարիներ շարունակ ձևավորել են բարդ էկոհամակարգ և ծառայում են որպես կենսական ապրելամիջավայր բազմաթիվ թռչունների ու միջատների համար, որոնց կորուստը խաթարում է քաղաքային կենսաբազմազանությունը։

Փոխարինվող դեկորատիվ ծառերը, որոնք գուցե գեղեցիկ են լանդշաֆտային դիզայնի տեսանկյունից, հաճախ չեն կարողանում փոխհատուցել այն էկոլոգիական ծառայությունը, որն մատուցում էին տասնամյակների պատմություն ունեցող սոսիները կամ կաղնիները։ Երևանի չոր ցամաքային կլիմայի և օդի աղտոտվածության բարձր մակարդակի պայմաններում քաղաքին անհրաժեշտ են խոշորասաղարթ, փոշեկլանիչ և օպտիմալ ֆիտոմելիորատիվ հատկություններով օժտված ծառատեսակներ, որոնք ի վիճակի են ստեղծել իրական «պաշտպանիչ վահան» բնակչության համար:

Կանաչապատումը պետք է լինի ոչ թե մեխանիկական թարմացում կամ բիզնես նախագիծ, այլ էկոլոգիական անվտանգության հստակ ռազմավարություն։ Եթե ծառատեսակների ընտրության հարցում շարունակվի անտեսվել քաղաքի օդի որակի և բնակլիմայական առանձնահատկությունների գործոնը, ապա նույնիսկ ավելացող հեկտարները չեն փրկի Երևանը էկոլոգիական աղետից։ Մայրաքաղաքին պետք է ոչ թե «ցուցադրական կանաչ», այլ առողջ և գործող էկոհամակարգ, որը թույլ կտա մեզ պարզապես շնչել։