«Էկոլուր», «Առնիկա» (Չեխիա) և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» (CCMS) հասարակական կազմակերպությունների իրականացրած համատեղ հետազոտությունները նոր տվյալներ են հայտնաբերել Հայաստանի հարավային հատվածում՝ Սյունիքի մարզում, հանքարդյունաբերական գործունեության պատճառով շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա հասցված վնասների վերաբերյալ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Beyond Tailings: Environmental Contamination & Human Exposure in Armenia» («Պոչամբարներից անդին․ Շրջակա միջավայրի աղտոտումը և մարդու ենթարկվածությունը Հայաստանում») զեկույցում:
Փոշու և նստվածքների առաջին համակարգային ուսումնասիրությունը
Հետազոտությունն առաջին անգամ համակարգված ձևով գնահատել է օդի/փոշու, գետերի նստվածքների և հողի աղտոտվածությունը Քաջարան, Կապան, Աճանան, Գեղանուշ, Գոմարան, Արծվանիկ և Սյունիք բնակավայրերում, որոնք գտնվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) և Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի ազդեցության գոտիներում:
Հիմնական բացահայտումներն ու տվյալները
- Պղնձի (Cu) ծայրահեղ բարձր մակարդակ․ Քաջարանի բացահանքի և արտադրական տարածքների հարևանությամբ վերցված փոշու նմուշներում պղնձի պարունակությունը հասել է մինչև 998 մգ/կգ-ի, իսկ գետերի նստվածքներում՝ մինչև 2,314 մգ/կգ-ի: Սա 11,7 անգամ գերազանցում է Կանադական ջրային օրգանիզմների պաշտպանության ռիսկի (PEL) սահմանային շեմը:
- Մկնդեղի (As) վտանգավոր խտություն․ Հողի նմուշներում մկնդեղի պարունակությունը (23.1մգ/կգ) 38 անգամ գերազանցել է Եվրոպական (չեխական) հողերի դեկոնտամինացիայի (վնասազերծման) սահմանված չափանիշները: Փոշու նմուշներում մկնդեղի խտությունը հասել է 25.4 մգ/կգ-ի (ամենաբարձրը՝ Կապան քաղաքում):
- Կադմիումի (Cd) տարածվածություն․ Կադմիումի ամենաբարձր խտությունը փոշում գրանցվել է Արծվանիկի պոչամբարի հիմքի մոտ գտնվող Գեղանուշի հատվածում (3.323 մգ/կգ), ինչը 37 անգամ բարձր է հարակից այլ նմուշներից և վկայում է պոչամբարից քամու միջոցով տարածվող աղտոտման մասին:
- Ճանապարհային երթևեկության ազդեցությունը․ Քաջարանում ծանր բեռնատարների ակտիվ երթևեկությամբ ճանապարհի փոշին 3 անգամ ավելի շատ պղինձ և 3,5 անգամ ավելի շատ կադմիում է պարունակել, քան ճանապարհից հեռու գտնվող փոշու նմուշները:
Մարդու առողջության վրա ազդեցության ռիսկերը
Ծանր մետաղներ պարունակող փոշու շնչումը և դրանց ներթափանցումը սննդային շղթա լուրջ վտանգ են ներկայացնում բնակչության համար:
- Մկնդեղը և Կադմիումը դասվում են քաղցկեղածին նյութերի շարքին (թոքերի, միզապարկի, երիկամների քաղցկեղ):
- Կապարը և Սնդիկը առաջացնում են նյարդային համակարգի խանգարումներ, մտավոր և շարժողական ֆունկցիաների անկում, հատկապես երեխաների մոտ:
- Պղնձի և Նիկելի բարձր չափաբաժինները վնասում են լյարդը, երիկամները և շնչառական համակարգը:
Առաջարկվող քայլերն ու լուծումները
Զեկույցի հեղինակներն իրենք էլ հանդես են գալիս մի շարք հստակ առաջարկներով․
- Պետական մակարդակով սահմանել հանքարդյունաբերական փոշու և նստվածքների աղտոտվածության ազգային ստանդարտներ, ներդնել օդի որակի անկախ մոնիթորինգային համակարգ և իրականացնել ազդակիր համայնքների (մինչև 2 կմ շառավղով) բնակիչների, հատկապես երեխաների, առողջական պարբերական սկրինինգ:
- Ընկերությունների կողմից տեղադրել իրական ժամանակում գործող օդի որակի ցուցադրիչներ բնակավայրերում, իրականացնել պոչամբարների (մասնավորապես՝ Արծվանիկի և Գեղանուշի) ակտիվ կանաչապատում ու փոշեճնշում:
- Բնակիչներին հորդորում են ուսափել պոչամբարներին անմիջապես հարող տարածքներում աճեցված բանջարեղենի սպառումից և իրականացնել տների հաճախակի խոնավ մաքրում:
Աղբյուրներ՝